Գործողությունների Ծրագրեր

10. Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային համակարգի ներդրում՝ պետական եւ մասնավոր հատվածի համար

Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ 12.2022 - 12.2024
Լիազոր մարմինը Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին
Պաշտոնը, վարչությունը Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին
էլ. հասցեն lyubov.gevorgyan@mlsa.am
Հեռախոսահամար +10565354

Այլ շահագրգիռ մարմիններ


Այլ շահագրգիռ պետական մարմիններ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, Ազգային անվտանգության ծառայություն, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Առողջապահության նախարարություն, Վարչապետի աշխատակազմ

Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Աջակից այլ կազմակերպություններ՝ հասարակական կազմակերպություններ, մասնավոր հատված, այլ կազմակերպություններ

Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

ՀՀ կառավարության սոցիալական գործընկերներ (Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա, Հայաստանի գործատուների հանրապետական միություն), հասարակական կազմակերպություններ, մասնավոր հատված

Կարգավորման ենթակա խնդիրը

Ո՞ր խնդրին է ուղղված հանձնառությունը

Հանձնառությունն ուղղված է ՀՀ աշխատողների աշխատանքի ազատ ընտրության եւ աշխատանքային իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ աշխատանքային իրավունքի ոլորտում ռիսկերի կառավարմանը։ Գործատուները, հատկապես մասնավոր ոլորտում, շատ հաճախ նոր ընդունվող աշխատակիցների հետ չեն կնքում աշխատանքային պայմանագրեր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը, պաշտոնի նկարագիրը (պաշտոնի անձնագիրը) կամ աշխատանքային պայմանագիրն աշխատողներին չեն տրամադրում, ինչն էլ հետագայում դժվարացնում, իսկ երբեմն անգամ անհնար է դարձնում աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության իրականացումը: Տեսչական վերահսկողական գործողությունների ընթացքում պարզվում է, որ հաճախ են այն դեպքերը, երբ գործատուները հարկային մարմնի կողմից կիրառվող տուգանքներից խուսափելու համար taxservice.am համակարգով գրանցում են աշխատողի աշխատանքի ընդունման հայտը, սակայն բուն պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման հրամանը չի կազմվում եւ չի վավերացվում գործատուի եւ աշխատողի կողմից։ Իսկ արդեն տեսչական ստուգման ժամանակ, հետին թվով կազմվում է աշխատանքային պայմանագիրը՝ թղթային, ստորագրվում է աշխատողի կողմից եւ ներկայացվում՝ որպես նախկինում ստորագրված փաստաթուղթ։ Սրան փոխկապակցված խնդիր է նաեւ, երբ աշխատողն աշխատանքի է ընդունվում այնպիսի պաշտոնի (հաստիքային միավորի), որի դեպքում պարտադիր է նախնական, հետեւաբար հետագայում նաեւ պարբերական բժշկական զննությունը։ Ավելին, հաճախ են դեպքերը, երբ մասնավոր ոլորտի գործատուները աշխատանքային պայմանագրերում աշխատավարձի չափը նշում են օրենքով նախատեսված նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ օրենսդրությամբ սահմանված հարկային եւ այլ պետական վճարումներից խուսափելու նպատակով, ինչի մասին աշխատողը հաճախ չի ունենում որեւէ տեղեկատվություն պայմանագրին ծանոթանալու հնարավորություն չունենալու պատճառով: Մեկ այլ խնդիր է, երբ անձն ընդունվում է աշխատանքի՝ իրականացնելով գործատուի կողմից պահանջվող, իր մասնագիտությանը համապատասխանող աշխատանք, սակայն աշխատանքային պայմանագիր չկնքելու կամ փաստացի իրականացվող աշխատանքի փոխարեն այլ պաշտոնի (հաստիքային միավորի) համար կնքված պայմանագրում փաստացի իրականացվող աշխատանքից տարբերվող աշխատանքային պարտականություններ նախատեսված լինելու պատճառով հետագայում չի կարողանում հիմնավորել, որ իր կողմից իրականացվել է մասնագիտական աշխատանք, չի ստանում օրենքով նախատեսված ինչպես հավելավճարները, այնպես էլ սոցիալական այլ երաշխիքներ: Օրինակ՝ անձը փաստացի իրականացնելով մասնագիտական աշխատանք, որը միաժամանակ նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքների, մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկում, համապատասխան ընկերությունում գործատուի կողմից գրանցվում է այլ պաշտոնի (հաստիքի)՝ օրենքով նախատեսված հավելումներ չվճարելու, նշված աշխատանքների համար նախատեսված սոցիալական այլ երաշխիքներ չտրամադրելու համար, իսկ հետագայում նշված աշխատանքն իրականացրած անձը զրկվում է ինչպես իր կատարած մասնագիտական աշխատանքը մասնագիտական ստաժում հաշվարկելու հնարավորությունից, այնպես էլ իրեն հասանելի հավելումներից եւ պետության կողմից նախատեսված այլ սոցիալական երաշխիքներից: Հանրային ոլորտում հաճախ հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ աշխատողին տրամադրվում է աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը, սակայն պաշտոնի նկարագիրը (պաշտոնի անձնագիրը) հրամանին կից չի տրամադրվում, ինչի արդյունքում պետական ծառայողն իրականացնում է իր անմիջական ղեկավարի տված հանձնարարականները՝ հստակ չունենալով պատկերացում իր հիմնական աշխատանքային պարտականությունների մասին:

Վերոգրյալ խնդիրները հատկապես հաճախ են հանդիպում մարզերում եւ փոքր համայնքներում, սակայն Երեւան քաղաքում եւս տեսչական ստուգումների ընթացքում պարբերաբար վերհանվում են համանման խնդիրներ: Հիմնականում տուժող խմբերի մեջ կարող ենք առանձնացնել սոցիալապես անապահով, իրավագիտակցության ցածր մակարդակ ունեցող, առաջարկվող պայմաններից տարբերվող այլ աշխատանքի ընդունվելու հնարավորություն չունեցող եւ հանրային ոլորտում ցածր պաշտոններ (հաստիքային միավորներ) զբաղեցնող անձանց: Աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի բացակայությունը հնարավորություն է տալիս գործատուներին անբարեխիղճ մոտեցում ցուցաբերել աշխատողների նկատմամբ՝ չտրամադրելով եւ խեղաթյուրելով պայմանագրի պայմանները, աշխատողներին զրկում է իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցներից, իսկ տեսչական մարմնին արդյունավետ վերահսկողական գործիքակազմից: Աշխատանքային ոլորտի բնագավառում տեսչական արդյունավետ վերահսկողությունը, որի անբաժանելի մաս եւ վերահսկողական գործիքակազմ կդառնա նաեւ ներդրվող աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգը, հնարավորություն կստեղծի նվազագույնի հասցնելու համանաման դեպքերը:

Հիմնական նպատակը

Գործատուներն աշխատանքային պայմանագրի պարտադիր առկայությունը կամ դրա տրամադրումը աշխատողներին համարել են ոչ կարեւոր։ Բացի դրանից, եթե նույնիսկ կնքվում է աշխատանքային պայմանագիր, ապա հաջորդ խնդիրն է դրա բովանդակությունը կամ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նվազագույն պայմանների արտացոլումը (օրինակ՝ աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը, ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) եւ տեւողությունը, վարձատրությունը եւ այլն)։ Ըստ գործող օրենսդրության՝ աշխատանքային պայմանագրում հստակ նախատեսվում են աշխատանքային գործառույթները, հիմնական աշխատավարձի չափը եւ (կամ) այն որոշելու ձեւը, աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները, աշխատաժամանակի եւ հանգստի ժամանակի տեւողությունը եւ այլն, սակայն գործնականում աշխատողներից փաստացի պահանջվում է իրականացնել աշխատանքային պայմանագրով չնախատեսված գործառույթներ պայմանագրում նշված աշխատավարձի չափից տարբերվող չափով, չեն տրամադրվում հավելումները, հավելավճարները, լրավճարները, չեն պահպանվում աշխատաժամանակի ու հանգստի ժամանակի տեւողությունը եւ այլն։ Միաժամանակ, աշխատանքային պայմանագիրն աշխատողներին չի տրամադրվում՝ վերջիններիս աշխատանքային գործունեությունը հարկային մարմնում չգրանցելու (անօրինական աշխատանք) կամ փաստացի տրամադրվող աշխատավարձի չափից պակաս չափով գրանցելու համար, ինչպես նաեւ պայմանագրերի պայմանները խախտելու դեպքում աշխատողի կողմից գործատուին կամ տեսչական մարմնին հասցեագրված դիմում- բողոքներից զերծ մնալու նպատակով։

Ավելին, հաճախ գործատուների կողմից աշխատանքային պայմանագրերի փոխարեն աշխատողների հետ կնքվում են ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներն ու երաշխիքները շրջանցելու նպատակով։

Այս խնդիրներն առավել ակնհայտ դարձան համավարակի (Covid-19) եւ պատերազմի ժամանակ: Աշխատանքային իրավունքի եւ հարաբերությունների կարգավորված չլինելը հանգեցնում էր աշխատողի իրավունքների պաշտպանության բացակայությանը, իսկ տեսչական մարմնի համար՝ կարգավորում եւ վերահսկում իրականացնելու համար բավարար գործիքակազմ չունենալուն:

Պարտավորության հակիրճ նկարագրությունը

ՀՀ-ում աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի (հարթակի) ներդրման միջոցով թվայնացնել ՀՀ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը)՝ աշխատողների աշխատանքի ազատ ընտրության եւ աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով։

Էլեկտրոնային կառավարման հարթակը հնարավորություն կընձեռի աշխատողներին ունենալու ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող աշխատանքային պայմանագրերի, իսկ տեսչական մարմնին՝ առավել թափանցիկ, հաշվետու, վերահսկելի եւ իրավունքահենք պաշտպանություն իրականացնելու գործիքակազմ։

Մասնավորապես, նախատեսվում է էլեկտրոնային համակարգում (հարթակում) տեղակայել աշխատանքային պայմանագրերի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի) օրինակելի ձեւեր՝ աշխատանքային օրենսդրության պահանջներին համապատասխան, ինչը աշխատողներին հնարավորություն կտա տեղեկանալու, թե իրենց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը (կամ իրենց աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը) որ մասերով չեն համապատասխանում օրենսդրության պահանջներին, իսկ գործատուներին հնարավորություն կտա աշխատանքային պայմանագրերը կնքել (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերն ընդունել) օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ։ Ընդ որում, աշխատողները հնարավորություն կունենան ծանոթանալու իրենց պայմանագրի բովանդակությանը, իսկ պայմանագրի պայմանների խախտման դեպքում՝ կոնկրետ պայմանագրի կետին հղում տալով բողոք ներկայացնել եւ՛ գործատուին, եւ՛ տեսչական մարմնին: Իսկ տեսչական մարմինը հնարավորություն կունենա ինչպես մշտադիտարկումների, այնպես էլ ներկայացված բողոքների հիման վրա արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ բացահայտելով աշխատանքային օրենսդրության, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրի պայմանների խախտումները եւ բարելավել աշխատողների իրավունքները եւ պաշտպանվածությունը: Միեւնույն ժամանակ, վերհանված խնդիրների վերլուծության արդյունքների հիման վրա տեսչական մարմինը հնարավորություն կունենա առավել արդյունավետ գնահատել ու որոշել բարձր ռիսկայնության աստիճան ունեցող գործատուներին՝ ստուգումների տարեկան ծրագրում վերջիններիս ընդգրկելու նպատակով: Բացի այդ, հարթակի առկայությունը կբացառի մասնավոր ոլորտում հետին թվով պայմանագրերի կնքման, հարկային մարմնում փաստացի իրականացվող աշխատանքը չգրանցելու (անօրինական աշխատանք) կամ փաստացի տրամադրվող աշխատավարձի չափից պակաս չափ պայմանագրում նշելու ձեւավորված պրակտիկան: Միաժամանակ, հարթակում հրապարակված պայմանագրի բովանդակության հասանելիությունը հնարավորություն կընձեռի բացառելու մասնավոր ոլորտում գործա- տուների կողմից իրենց աշխատողների հետ աշխատանքային պայմանագրերի փոխարեն ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման դեպքերը:

Ավելին, նախատեսվում է հարթակում հրապարակել տեսչական մարմնի կողմից իրեն վերապահված աշխատանքային ոլորտի նկատմամբ վերահսկողության ընթացքում բացահայտված հիմնական (հաճախ) կրկնվող խախտումների եւ համապատասխան վարչական ներգործության միջոցով շահառուների իրավունքների վերականգնման դեպքերի մասին վիճակագրական տվյալներ, ինչի արդյունքում ինչպես աշխատողների եւ նրանց ներկայացուցիչների, այնպես էլ գործատուների իրազեկվածության մակարդակը աշխատանքային իրավունքի պաշտպանության ոլորտում զգալիորեն կբարձրանա, օրինակ՝ պայմանագրի կողմերը հնարա- վորություն կստանան ծանոթանալու աշխատանքային իրավունքի ոլորտում հիմնականում կրկնվող խախ- տումներին եւ խուսափել դրանցից, իսկ նույնանման խախտումներ արդեն իսկ թույլ տրված լինելու դեպքում շտկել դրանք:

Հետագայում նաեւ նախատեսվում է նույն հարթակում հնարավորություն տալ աշխատողներին, ըստ անհրաժեշտության եւ ցանկության, հրապարակելու (հանրայնացնելու) անձնական տվյալներ պարունակող իրենց աշխատանքային պայմանագրերը՝ հարթակի միջոցով հայցելով իրավաբանական աջակցություն գործատուի հետ ծագած հարցերի վերաբերյալ, ինչն արդեն կընդգրկի ոչ միայն տեսչական մարմնի լիազո- րությունների շրջանակը, այլեւ աշխատանքային ոլորտում գործունեություն իրականացնող ամբողջ հանրային եւ մասնավոր հատվածը:

ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը

ՀՀ-ում աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի (հարթակի) ներդրման միջոցով թվայնացնել ՀՀ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը)՝ աշխատողների աշխատանքի ազատ ընտրության եւ աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով։

Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին

1. Ինչպե՞ս է հանձնառությունը խթանելու թափանցիկությունը:

Մի կողմից աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգին (հարթակին) յուրաքանչյուր աշխատողի համար իրեն վերաբերող տվյալներին հասա- նելիության ապահովման արդյունքում աշխատողների համար կապահովվեն իրենց աշխա- տանքային գործունեությանը հետեւելու եւ անհրաժեշտ տեղեկատվությանը տնօրինելու հնարավորությունն ու իրավունքը, ինչպես նաեւ դրա իրացման հնարավորությունը, մասնավորապես՝ գործատուին կամ տեսաչական մարմին դիմում-բողոք ներկայացնելը, մյուս կողմից կապահովվի աշխատաշուկային եւ աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության թափանցիկությունը՝ մարդկային գործոնի ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցման եղանակով։

2. Ինչպե՞ս հանձնառությունը կօգնի խթանել հաշվետվողականությունը:

Աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի (հարթակի) ներդրման արդյունքում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմինը եւ հարթակին հասանելիություն ունեցող այլ հանրային գերատեսչությունները կունենան հստակ տվյալներ աշխատաշուկայում կնքվող աշխատանքային պայմանագրերի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի) բովանդակության վերաբերյալ, աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ոլորտում նոր գործիքակազմը կնպաստի հաշվետվողականության, այդ թվում՝ ոլորտի լիազորված տեսչական մարմնի տարեկան կամ եռամսյակային հաշվետվությունների ինչպես բովանդակային, այնպես էլ արդյունքային տվյալների աճի, որոնք հնարավոր կլինի ցանկացած պահի դարձնել հանրային վերահսկողության առարկա, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա գնահատելու ՀՀ կառավարության գործու- նեությունն այս ոլորտում։ Միաժամանակ, համակարգին յուրաքանչյուր աշխատողի համար իրեն վերաբերող տվյալներին հասանելիության ապահովման հնարավորությունը կնպաստի աշխատող-գործատու փոխհարաբերությունների հաշվետվողականության մակարդակի բարձրացմանը։

Հասանելիություն ունենալով իրենց վերաբերող տեղեկատվությանը, ինչպես նաեւ համակարգում տեղակայված՝ աշխատանքային օրենսդրության պահանջների հիման վրա կազմված աշխատանքային պայմանագրերի (աշխատանքի ընդունման մասին անհա- տական իրավական ակտերի) տիպային ձեւերին՝ աշխատողները նաեւ ինքնուրույն կկարո- ղանան բանակցությունների մեջ մտնել գործատուների հետ՝ իրենց աշխատանքային պայմանագրերի պահանջների վերաբերյալ քննարկման համար։

3. Ինչպե՞ս կբարելավի հանձնառությունը քաղաքացիների մասնակցությունը լուծումների սահմանմանը, իրականացմանը եւ մոնիթորինգին:

Քաղաքացին հնարավորություն կունենա ներկայացնելու աշխատանքային իրավունքների եւ այլ հարցերի վերաբերյալ խախտումները՝ ահազանգելով այդ մասին տեսչությանը: Քաղաքացիների կողմից վերահսկումը կնպաստի աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը, մասնավորապես՝ ահազանգելով առարկայական խախտումների մասին, գործատուի կողմից պարտավորությունների պատշաճ չկատարման մասին եւ սոցիալական երաշխիքների պաշտպանվածության բարձրացմանը:

Հավակնություն

Աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողության գործիքակազմի կատարելագործման եւ արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է ներդնել աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգ (հարթակ), ինչը կնպաստի գործատուների կողմից աշխատանքային պայմանագրերն օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելուն, աշխատանքային հարաբերություններ ենթադրող գործունեությունը արհեստականորեն քաղաքացիաիրավական դաշտ չտեղափոխելուն, աշխատանքային գործունեությունն օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային դաշտում գրանցելուն՝ համաժամանակյա ռեժիմով, ցանկացած պահի հասանելի կլինեն կնքված աշխատանքային պայմանագրերը։ Գործատուների կողմից աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը խախտվում է աշխատանքային օրենսդրության չիմացության պատճառով, իսկ խնդրի լուծման համար նախատեսվում է էլեկտրոնային համակարգում (հարթակում) նախատեսել աշխատանքային պայմանագրերի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի) օրինակելի ձեւեր։ Հարթակում կհրապարակվեն տեսչական մարմնի կողմից վերահսկողության ընթացքում բացահայտված հիմնական (հաճախ) կրկնվող խախտումների եւ համապատասխան վարչական ներգործության միջոցով շահառուների իրավունքների վերականգնման դեպքերի մասին եւ գործատուների ռիսկայնության վիճակագրական տվյալներ, ինչպես նաեւ աշխատողներին կտրվի հնարավորություն նույն հարթակում, ըստ անհրաժեշտության եւ ցանկության, հրապարակելու (հանրայնացնելու) անձնական տվյալներ պարունակող իրենց աշխատանքային պայմանագրերը: 

Աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրումն ինքնին ենթադրում է օրենքով համապատասխան իրավակարգավորումների սահմանում: Մասնավորապես, օրենքով (ՀՀ աշխատանքային օրենսգրքով) սահմանվելու է գործատուների պարտականությունը պայմանագրերը կամ անհատական իրավական ակտերը (համապատասխան պաշտոնի նկարագրով) աշխատանքի ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչեւ տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում՝ մինչեւ աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն մուտքագրել հարթակում, իսկ հարթակի միջոցով կնքվող պայմանագրերի դեպքում՝ ստորագրման պահին: Նշված պարտականությունը խախտելու համար օրենքով (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով) նախատեսվելու է վարչական տույժի կիրառում, ինչպես նաեւ տնտեսավարող սուբյեկտին հանձնարարականներ (կարգադրագրեր) տալու լիազորություն («Ստուգումների մասին» ՀՀ օրենքով): Ընդ որում, նշված պարտականության չկատարման դեպքում տեսչական մարմինն իրավասու կլինի ինչպես աշխատողների կողմից ներկայացված բողոքների, այնպես էլ իր կողմից վերահսկողության ընթացքում բացահայտված դեպքերի կամ աշխատանքային գործունեության ընթացքում ստացված տեղեկատվության հիման վրա հարուցելու վարչական վարույթներ՝ կիրառելով համապատասխան ներգործության միջոցներ տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ: Աշխատանքային պայմանագրերի համակարգի ինտեգրումը https://e-citizen.am/ հարթակին: Այս գործողությամբ քաղաքացիներն իրենց վերաբերող անձնագրային, գրանցման, վարորդական վկայականի շարժական գույքի, ընտանեկան կարգավիճակի, ՀԿԱԾ, նոտարական, կրթական եւ այլ տվյալների հետ մեկտեղ կարող են գտնել իրենց աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաեւ տեղեկանալ այն մասին, թե ո՞ր մարմիններն են հարցումներ կատարել այդ տվյալների վերաբերյալ։

Պոտենցիալ ազդեցություն

էական

Իրականացման կարգավիճակ

ogp.commitment.view.implementation.status.title.not_started

ՄԱԿ-ինպատակներ

«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

Ընթացիկ գործողություններ

 Գործողության Նկարագրություն
Սկզբի ամսաթիվ
Վերջի ամսաթիվ
Կարգավիճակ
Կառավարության մեկնաբանություն
1.Օրենսդրական նախաձեռնության իրականացում
11.2022
12.2023
կատարված
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում, սահմանված կարգով շրջանառում և ներկայացում կառավարության հաստատմանը:
2.Աշխատանքային պայմանագրերի հաշվառման և կնքման թվային համակարգի ներդրման համար աշխատանքային խմբի ձևավորում
11.2022
06.2024
ընթացիկ
Աշխատանքային խմբի կողմից աշխատանքային պայմանագրերի հաշվառման և կնքման թվային համակարգի ներդրման աշխատանքների համակարգում:
3.Աշխատանքային պայմանագրերի հաշվառման և կնքման թվային համակարգի ստեղծ-ման և տեխնիկական նկարագրի կազմում, գնման գործընթացի կազմակերպում և ծրագրային աշխատանքների իրականացում
11.2022
09.2024
ընթացիկ
Թվային համակարգի մշակում՝ Պետական եկամուտների կոմիտեի համակարգի հենքի վրա՝ պատշաճ ապահովելով կիբերանվտանգության միջոցները, https://e-citizen.am/ և www.taxservice.am հարթակների համակցմամբ:
4.Աշխատանքային պայմանագրերի հաշվառման և կնքման թվային համակարգի ներդրում պետական համակարգում
01.2023
12.2024
նոր
Պետական համակարգում գործող և նոր կնքվող աշխատանքային պայմանագրերի և գործող և նոր ընդունվող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի թվայնացում:
5.Աշխատանքային պայմանագրերի հաշվառման և կնքման թվային համակարգի ներդրում ոչ պետական համակարգում
01.2024
12.2024
նոր
Ոչ պետական համակարգում գործող և նոր կնքվող աշխատանքային պայմանագրերի և գործող և նոր ընդունվող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի թվայնացում: