Բազմաշահառու խումբ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԲԿԳ տնօրեն Սանջեյ Փրադանին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԲԿԳ տնօրեն Սանջեյ Փրադանին
14.07.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադանին: Վարչապետը ողջունել է ԲԿԳ գլխավոր գործադիր տնօրենի այցը մեր երկիր ու կարևորել ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի այսօր կայացած հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է ԲԿԳ նախաձեռնության Հայաստանի գործողությունների 4-րդ ծրագրի իրականացման ընթացքը:

«Հայաստանի կառավարությունը կարևորում է անդամակցությունը «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, որի սկզբունքները լիովին համահունչ են մեր կառավարության գործունեության առաջնահերթություններին՝ հաշվետվողականություն, թափանցիկություն, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների պաշտպանություն: Հետաքրքրված ենք շարունակելու մեր արդյունավետ գործընկերությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը հետևողական առաջ է շարժվում ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացման ճանապարհով, և կառավարության կողմից արդեն իսկ հաստատվել են այդ նպատակին ուղղված տարբեր ոլորտների՝ դատաիրավական, հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարությունները:

Սանջեյ Փրադանը նշել է, որ Հայաստանը կարևոր դերակատարություն ունի ԲԿԳ-ում և նախաձեռնության 79 երկրների շրջանակում՝ որպես ժողովրդավարական տպավորիչ առաջընթաց արձանագրած երկիր: «Թավշյա հեղափոխությունը ոգեշնչման և հույսի մեծ ազդակ էր՝ տրված Հայաստանի քաղաքացիների կողմից և արտահայտում էր քաղաքացիների՝ երկրում փոփոխություններ իրականացնելու կամքը: Բաց կառավարումը կարող է իրապես խթանել Հայաստանի ժողովրդավարության հետագա հաջողությունները, և պատրաստ ենք աջակցել ձեզ այդ գործընթացում»,- նշել է ԲԿԳ գլխավոր գործադիր տնօրենը: Նա գոհունակություն է հայտնել

ՀՀ կառավարությունում այսօր տեղի ունեցած ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի այսօր կայացած հանդիպման արդյունքներից և ընդգծել, որ Հայաստանն օրինակելի է ԲԿԳ հանձնառությունների իրականացման հարցում, ինչը լավ հիմք է գործողությունների հաջորդ ծրագրում հանձնառությունների շրջանակի ընդլայնման համար:

Թողնել մեկնաբանություն