«Աջակցություն բաց կառավարման գործընկերության գործողությունների» ծրագիրը ավարտին կհասցվի 2020-ին

«Աջակցություն բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գործողությունների ծրագրի համատեղ մշակմանն ու իրականացմանը» ծրագիրը նպատակ ունի ստեղծել տեղական մակարդակով հանձնառությունների փաթեթ՝ ի նպաստ կառավարության թափանցիկության և հաշվետվողականության:
Ծրագիրը 2018 թվականից իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Ծրագիրը նաև կարող է նպաստել քաղաքացիների ներգրավվածության բարձրացմանն ու կառավարության պատասխանատվությանը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ԲԿԳ քարտուղար Լիլիա Աֆրիկյանը նշեց, որ 2019 թվականին շատ են քննարկվել բաց կառավարման գործընկերության հանձնառությունները:
«Առողջապահության հանձնառությունը շատ հավակնոտ է և առաջարկությունների հավաքագրման փուլում շատ մեծ են եղել քաղաքացիների կողմից առաջարկները: Առողջապահության հետ համատեղ որոշել ենք քաղաքացիների համար ավելի բաց և հասանելի դարձնել առողջապահական ծառայությունները»,- նշեց Աֆրիկյանը և հավելեց, որ մինչև 2020 թվականի օգոստոս ամիսը ավարտին կհասցվի ծրագիրը: