Լրատվություն

Մոնիտորինգի եվ գնահատման գործիքներ քաղհասարակության համար

Մոնիտորինգի եվ գնահատման գործիքներ քաղհասարակության համար
30.06.2015

2015 թվականի հունիսի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ տեղի ունեցավ սեմինար "Բաց կառավարման գործընկերության հայաստանյան գործընթացների մոնիտորինգի և գնահատման գործիքներ քաղհասարակության համար" թեմայով: 

Հանդիպման հիմնական նպատակն էր քաղհասարակության շահագրգիռ ներկայացուցիչներին ներկայացնել ԻԱԿ-ի կողմից մշակված ԲԿԳ գործընթացների մեթոդաբանությունը և մոնիտորինգի մի քանի գործիքների մոդելները, ինչպես նաև պարզելու քաղհասարակության կարողությունները և համատեղ աշխատելու հնարավորությունները:

ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարության զարգացման բաժնի ծրագրերի համակարգող Ծովինար Արևյանն իր բացման խոսքում նշեց. «ԵԱՀԿ Երևանի գրասենյակը հետաքրքրված է ԲԿԳ հայաստանյան գործընթացներով և աջակցում է քաղհասարակության կողմից իրականացվող մի շարք միջոցառումներին՝ ուղղված Հայաստանում ԲԿԳ Գործողությունների երկրորդ ծրագրի իրականացման մշտադիտարկմանն ու գնահատմանը: Այս ոլորտում  աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար կարևոր է, որ  քաղհասարակության կառույցները լավ համակարգեն իրենց գործունեությունը և նրանց կողմից կատարվող վերլուծություններն ու զեկույցները ոչ թե կրկնեն, այլ փոխլրացնեն իրար: Հուսով եմ՝ այսօրվա միջոցառումը կօգնի հասնել այդ նպատակին»:

Քննարկմանը հրավիրված էր նաև ՀՀ կառավարության աշխատակազմի փորձագետ Արամ Ասատրյանը, ով նշեց, որ Կառավարությունն ինքը կարիք ունի քաղհասարակության մշտադիտարկմանը՝ սխալները և թերությունները վեր հանելու և դրանք շտկելու համար հատկապես: 

ԻԱԿ փորձագետ, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ Լիանա Դոյդոյանը և իրավաբան Գևորգ Հայրապետյանը ներկայացրին մշտադիտարկման համար մշակված մեթոդաբանության նախագիծը և հիմնական ուղղությունները: Լիանա Դոյդոյանը նշեց, որ մեթոդաբանությունը մշակվել է՝ ուսումնասիրելով ԲԿԳ քաղհասարակության միջազգային փորձը, Անկախ հետազոտական մեխանիզմը, և որի հիմքում ընկած են ԲԿԳ թափանցիկություն և տեղեկատվության մատչելիություն, հանրային մասնակցություն և հաշվետվողականություն սկզբունքները: Այս սկզբունքներով էլ և դիտարկվելու են ԲԿԳ գործընթացները՝ ԲԿԳ Գործողությունների Ծրագրի մշակման փուլը, Ծրագրի իրականացման և դրա արդյունքների ազդեցության փուլերը: Այս 3 հիմնական փուլերը դիտարկվելու են հարցումների, վերլուծությունների, մասնավոր հանդիպումների և հարցաշարերի լրացման հիման վրա:

Լիանա Դոյդոյանը առաջարկեց ՀԿ ներկայացուցիչներին աշխատել միասին և միասնական գնահատման զեկույց ներկայացնել: Այդ նպատակով որոշվեց առցանց քննարկումներ անցկացնել մեթոդաբանության նախագծի և մշակված հարցաշարերի շուրջ: Մի քանի կազմակերպություններ, այդ թվում՝ Իրավունքներ առանց սահմանների, Արազա, Լոռեցիների միավորում հասարակական կազմակերպությունները արդեն իսկ իրենց պատրաստակամությունն են հայտնել միասնական մոնիտորինգի գործընթացում ներգրավվելու, որի արդյունքում նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին ունենալ ԲԿԳ հայաստանյայն գործընթացների առաջին և համապարփակ մշտադիտարկումը և գնահատման հաշվետվությունը:  

ԲԿԳ անկախ հետազատող Արտակ Քյուրումյանը ներկայացրեց ԲԿԳ անկախ հաշվետվողական մեխանիզմի մեթոդաբանությունը և նպատակները: Ինչպես նշեց նա՝ կարևորվում է, որ թե Ծրագրերում ներառված պարտավորությունները, և թե ընդհանրապես ԲԿԳ գործընթացները բխեն Թափանցիկության և տեղեկատվության մատչելիության, հանրային մասնակցության և հաշվետվողականության սկզբունքներից: Այսինքն կառավարությունը պետք է կարողանա առավելագույնս տեղեկատվություն տարածել, հանրային մասնակցություն և հաշվետվողականություն ապահովել թե Ծրագրի մշակման, և թե պարտավորությունների իրականացման փուլերում, ինչպես նաև պարտավորություններից յուրաքանչյուրը պետք է ապահովեն այս սկզբունքներից առնվազն մեկը: