Գործողությունների Ծրագրեր
«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2014-2016ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
Ակնարկ
"Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությունում Հայաստանի գործողությունների երկրորդ ծրագիրը հավանության է արժանացել 2014թ.-ի հուլիսի 31-ի ՀՀ կառավարության նիստի N 32 արձանագրային որոշմամբ:
2013 թվականի վերջից ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ԲԿԳ-Հայաստան երկրորդ գործողությունների ծրագրի նախագծի մշակման գործընթացը: Նախագիծը կազմվել է ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկությունների հիման վրա:
Ծրագրում չեն ներառվել այն առաջարկությունները, որոնք չեն համապատասխանել ԲԿԳ արժեքներին և ձևաչափին: Նոր օրենքների նախագծերի մշակման և ընդունման, ինչպես նաև գործող օրենքներում փոփոխություններ կատարելու պահանջ ենթադրող առաջարկությունները նույնպես չեն ներառվել ծրագրում, քանի որ ՀՀ-ում օրենքներն ընդունվում են Ազգային ժողովի կողմից, և կառավարությունը չի կարող երաշխավորել դրանց ընդունումը: Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել քաղաքացիական հասարակության հետ քննարկել ծրագրում չընդգրկված առաջարկությունների իրականացման հնարավոր մեխանիզմները ԲԿԳ նախաձեռնությունից դուրս:
ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության երկրորդ գործողությունների ծրագիր (2014-2016 թվականներ)
Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ Սահմանադրությամբ հռչակվելով որպես ժողովրդավարական երկիր, մշտապես ձգտում է բարեփոխումների ճանապարհով հասնել գործուն ժողովրդավարության: Ժամանակակից աշխարհում հասարակություններն իրենց կառավարություններից պահանջում են լինել բաց, հաշվետու և արդյունավետ՝ ակնկալելով առավել ակտիվ քաղաքացիական մասնակցություն հանրային կառավարման գործընթացներում: Ելնելով այս հրամայականից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է իր ուշադրության կիզակետում պահել պետական կառավարման համակարգի արդյունավետության աստիճանի բարձրացումը: Ակներև է, որ մեր երկիրն այս ճանապարհին չէր կարող անմասն մնալ «Բաց կառավարման գործընկերություն» (այսուհետ՝ ԲԿԳ) գործընթացից: ԵՎ 2011թ. աշնանը Հայաստանի Հանրապետության որոշումը միանալու ԲԿԳ նախաձեռնությանը վկայում է Հայաստանի պատրաստակամության մասին՝ ապահովելու առավել բարձր մակարդակի թափանցիկություն և հաշվետվողականություն հանրային ծառայություններ մատուցելիս: ԲԿԳ գործընթացը կառավարության օրակարգի կարևորագույն մաս է կազմում՝ գտնվելով ՀՀ կառավարության աշխատակազմի անմիջական վերահսկողության ներքո: Նախաձեռնությունը հիանալի հնարավորություն է ընձեռում ունենալ այնպիսի ինստիտուտներ, որոնք կնպաստեն քաղաքացու ակտիվ մասնակցությանը որոշումների կայացման և քաղաքականության մշակման գործընթացներում: Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ կատարել է ԲԿԳ-Հայաստան 2012-2013 թվականների համար նախատեսված իր առաջին գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորությունները: Դրանց հիմնական դրույթներն առավելապես նպատակաուղղված են եղել Հայաստանում հանրային կառավարման համակարգի արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարելավմանը, մասնավորապես՝ հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը, էլեկտրոնային կառավարման զարգացմանը, ներքին աուդիտի համակարգի կատարելագործմանը, պետական գնումների գործընթացի կատարելագործմանը և թափանցիկության ապահովմանը, հանրային ծառայությունների որակի բարելավմանը, տեղեկատվության ազատության զարգացմանը, հարկային վարչարարության թափանցիկության բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և այլն: Այս համատեքստում վստահաբար պետք է փաստել, որ Հայաստանը թե´ իր պարտավորությունների ծավալով և թե´ դրանց իրականացման աստիճանով զբաղեցնում է բավական առաջատար դիրքեր: Այդ գործընթացում բարձր է գնահատվում, հատկապես, հայաստանյան պարտավորությունների կատարման շրջանակներում ներգրավված բոլոր գործընկերների ցուցաբերած աջակցությունը և ներդրած ջանքերը: Վերոնշյալ ծրագրի իրականացման արդյունքներն ամփոփված են ԲԿԳՀայաստան ինքնագնահատման տարեկան զեկույցում, որը հրապարակվել է 2013 թվականի աշնանը: Նշենք, որ Հայաստանը այս 2 տարիների ընթացքում զգալիորեն բարելավել է իր դիրքերը մի շարք ցուցանիշներով: Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2013 թվականի հոկտեմբերի 29-ին հրապարակված «Կարգավորումների ընկալումը ՓՄՁ-ների համար 2014» զեկույցի համաձայն` գործարարությամբ զբաղվելու վարկանիշով Հայաստանը 189 երկրների շարքում զբաղեցնում է 37-րդ տեղը` նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքերը երեք կետով: 2013 թվականի օգոստոսին «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը Հայաստանի վարկանիշը գնահատել է «կայուն» Ba2՝ նախորդ տարվա «բացասականի» փոխարեն:
ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ
ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ քաղաքացիների համար ավելի թափանցիկ և հաշվետվողական դառնալու իր հանձնառությանը՝ արդյունքում կառավարման համակարգն առավելագույնս համապատասխանեցնելով նրանց կարիքներին և ձգտումներին: Պետական ինստիտուտների և արդյունավետ կառավարման համակարգի ամրապնդումը պետության առաջնահերթություններից է, և վերջին տասնամյակում Հայաստանի իշխանություններն իրականացրել են մի շարք միջոցառումներ այդ ուղղությամբ, մասնավորապես. Մասնակցային և առավել թափանցիկ կառավարման ոլորտում կառավարության որոշումների նախագծերի տեղադրում ինտերնետային կայքում դեռևս քննարկման փուլում.
կառավարության նիստերի օնլայն հեռարձակում լրագրողների համար.
ՀՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացված վերահսկողության արդյունքների տեղադրում www.e-gov.am կայքում.
բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարագրերի հրապարակում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքէջում (www.ethics.am).
կարգավորող նորմատիվ իրավական ակտերի վերանայում (Կարգավորման «Guillotine» ծրագիր)՝ թեթևացնելով բիզնեսի և քաղաքացիների վրա ընկնող կարգավորումների բեռը՝ առնվազն երկու անգամ կրճատելով գործառնական ծախսերը: Պետական կառավարման համակարգում հաշվետվողականության ապահովմանն ուղղված նոր սկզբունքների և մոտեցումների ներդրման գործում
ցանկացած միջոցառում կամ միջոցառումների ծրագիր, որը ներկայացվում է որևէ պետական մարմնի կողմից, պետք է պարունակի ծրագրի արդյունքների հստակ ձևակերպում, ընդ որում այդ արդյունքները պետք է լինեն չափելի.
պետական կառավարման մարմինները պարբերաբար ներկայացնում են կատարողական հաշվետվություններ, որոնց հիման վրա գնահատվում է նրանց և ամեն մի աշխատակցի իրականացրած աշխատանքը:
Մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացման ոլորտում
ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրում և փորձաքննության անցկացում. այժմ մինչև 2.5 տոննա գյուղատնտեսական մթերք արտահանող անձինք ներկայացնում են ընդամենը 4 փաստաթուղթ ևստանում հավաստագիր 1 աշխատանքային օրվա ընթացքում.
ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի, տեղական տուրքի, պետական կամ տեղական ինքնակառավաման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարի կամ վարչական տուգանքների, ինչպես նաև հարկերի առցանց վճարման հնարավորություն.
քաղաքաշինարարական թույլտվական ընթացակարգերի գումարային ժամկետի կրճատում, սահմանված դեպքերում բնակելի տուն կառուցելիս նախագծման առաջադրանքի, նախագծային փաստաթղթերի պատվերի և փորձաքննության պահանջի վերացում.
2012թ. հունվարի 1-ից անշարժ գույքի կադաստրի վարման համար նախատեսված «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ» էլեկտրոնային համակարգի գործարկում (www.e-cadastre.am).
ճանապարհային ոստիկանության ոլորտում` բարեփոխումներ տրանսպորտային միջոցների գրանցման, վարորդական վկայականների տրամադրման, տուգանքների և վճարումների էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ.
դեղերի, դեղանյութերի ներմուծման հավաստագրերի տրամադրման գործընթացը դյուրացնելու, քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակը և օպերատիվությունն ապահովելու նպատակով ներդրվել է դեղերի ներմուծման և արտահանման հավաստագրերի տրամադրման մեկ պատուհանի սկզբունքով գործող համակարգը.
հարկային վարչարարության ոլորտում իրականացրած հիմնական բարեփոխումների արդյունքում՝ էլեկտրոնային ծառայությունների ընդլայնում, հարկ վճարողների սպասարկման բարելավում: Հատկանշական է, որ ԲԿԳ անկախ հաշվետվական մեխանիզմի (այսուհետ՝ ԱՀՄ) կողմից, հատկապես, բարձր են գնահատվել ծրագրային բյուջետավորման ներդրմանը, գնումների ընթացակարգերի բարելավմանը, գույքի և եկամուտների հայտարարագրման թափանցիկության ապահովմանը, պաշտոնական ինտերնետային կայքերի բովանդակության ստանդարտացմանը, տեղեկատվության ազատության վերաբերյալ պետական ծառայողների գիտելիքների և հմտությունների բարելավմանը, հարկային վարչարարության գործընթացներում թափանցիկության և օբյեկտիվության խթանմանը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը:
Հիմք ընդունելով այդ քայլերը զարգացնելուն ուղղված ԱՀՄ-ի հորդորը և հաշվի առնելով առաջին ծրագրի մշակման և իրականացման արդյունքում ձեռք բերված աննախադեպ փորձը՝ ՀՀ կառավարությունը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ, մշակել է ԲԿԳ-Հայաստան երկրորդ գործողությունների ծրագիրը:
Հարկ է նշել, որ ծրագրի վերջնական ամփոփումը և ՀՀ կառավարության կողմից դրա հաստատումը համընկան ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման հետ: Ուստի, վերոնշյալ հանգամանքով է պայմանավորված ծրագրի՝ սահմանված ժամանակացույցից փոքր-ինչ շեղումով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատելու և ներկայացնելու փաստը:
ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Շարունակելով պետական կառավարման համակարգի արդյունավետությանն ուղղված իր ջանքերը՝ 2013 թվականի վերջից ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ԲԿԳ-Հայաստան երկրորդ գործողությունների ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նախագծի մշակման գործընթացը: Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ԲԿԳ նախաձեռնության հիմնարար սկզբունքները, ինչպես նաև ԲԿԳ-Հայաստան առաջին գործողությունների ծրագրից քաղված դասերը: Նախագիծը կազմվել է ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկությունների հիման վրա՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, առողջապահությունը, կրթությունը, տեղական ինքնակառավարումը, տեղեկատվության ազատությունը և այլն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային ծառայությունների բարելավումը, հանրային միջոցների արդյունավետ կառավարումը և հանրային վստահության խթանումը ԲԿԳ հիմնական մարտահրավերներից են, ՀՀ կառավարությունը իր ԲԿԳ երկրորդ գործողությունների ծրագիրը մշակելիս առաջնորդվել է վերոնշյալ մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համապատասխան պարտավորությունների ներգրավման սկզբունքով: Ծրագրում ներառված յուրաքանչյուր պարտավորություն թիրախային է և ընտրված է համակողմանի քննարկումների արդյունքում: Ծրագրի նախնական տարբերակը մշակվել է պետական մարմինների ներկայացրած առաջարկությունների հիման վրա: Այնուհետև հանրային իրազեկման և քաղաքացիական հասարակության առաջարկությունները ստանալու նպատակով նախագիծը տեղադրվել է www.ogp.am կաքում: Զուգահեռաբար նախագիծը մի քանի անգամ քննարկվել է համապատասխան աշխատանաքային խմբի նիստերի ժամանակ (մասնավորապես՝ 2013թ. սեպտեմբերի 9, 2013թ. նոյեմբերի 26): Հանրային քննարկումները շարունակելու նպատակով ՀՀ կառավարությունը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ 2014թ. ապրիլի 5-6-ը Աղվերանում կազմակերպել է «ԲԿԳ-Հայաստան. թափանցիկություն և հաշվետվողականություն. համագործակցություն կառավարության և քաղաքացիական հասարակության միջև» աշխատանքային քննարկումը: Միջոցառման ընթացքում քննարկվել է ինչպես ծրագրի նախագիծը, այնպես էլ վերջինիս առնչությամբ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացրած նոր առաջարկությունները: Միաժամանակ, ծրագրում նոր առաջարկություններ ընդգրկելու և հանրային իրազեկում ապահովելու նպատակով Գյումրու ժուրնալիստների «Ասպարեզ» ակումբի գլխավորությամբ կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, որոնց արդյունքում մի շարք հասարակական կազմակերպությունների տրամադրած առաջարկություններ ևս ներկայացվել են ՀՀ կառավարություն: Վերոնշյալ առաջարկությունները քննարկելու և լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով 2014թ. հունիսի 5-ին ՀՀ կառավարության աշխատակազմում կազմակերպվել է քաղաքացիական հասարակության և պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային հանդիպում: Ծրագրի նախագծի վերջնական տարբերակը քննարկվել և հավանության է արժանացել 2014թ. հուլիսի 15-ին կայացած ՀՀ վարչապետի 2014թ. հուլիսի 15-ի N 656 - Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստի ժամանակ: Նախագծի վերաբերյալ վերջնական հանրային քննարկումը տեղի է ունեցել 2014թ. հուլիսի 18- ին Երևանում ՀՀ կառավարության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ, ինչպես նաև ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ կազմակերպված միջոցառման շրջանակներում: Աշխատաժողովին վերոնշյալ աշխատանքային խմբի անդամներից բացի մասնակցել են նաև մի շարք այլ քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագրում չեն ներառվել այն առաջարկությունները, որոնք չեն համապատասխանել ԲԿԳ արժեքներին և ձևաչափին: Նոր օրենքների նախագծերի մշակման և ընդունման, ինչպես նաև գործող օրենքներում փոփոխություններ կատարելու պահանջ ենթադրող առաջարկությունները նույնպես չեն ներառվել ծրագրում, քանի որ ՀՀ-ում օրենքներն ընդունվում են Ազգային ժողովի կողմից, և կառավարությունը չի կարող երաշխավորել դրանց ընդունումը: Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել քաղաքացիական հասարակության հետ քննարկել ծրագրում չընդգրկված առաջարկությունների իրականացման հնարավոր մեխանիզմները ԲԿԳ նախաձեռնությունից դուրս: