Գործողությունների Ծրագրեր

«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2014-2016ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

(31.07.2014 - 28.12.2016)
«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2014-2016ԹԹ.  ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԾՐԱԳԻՐ

Ակնարկ

"Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությունում Հայաստանի գործողությունների երկրորդ ծրագիրը հավանության է արժանացել 2014թ.-ի հուլիսի 31-ի ՀՀ կառավարության նիստի N 32 արձանագրային որոշմամբ:

    2013 թվականի վերջից ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ԲԿԳ-Հայաստան երկրորդ գործողությունների ծրագրի նախագծի մշակման գործընթացը: Նախագիծը կազմվել է ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկությունների հիման վրա:

     Ծրագրում չեն ներառվել այն առաջարկությունները, որոնք չեն համապատասխանել ԲԿԳ արժեքներին և ձևաչափին: Նոր օրենքների նախագծերի մշակման և ընդունման, ինչպես նաև գործող օրենքներում փոփոխություններ կատարելու պահանջ ենթադրող առաջարկությունները նույնպես չեն ներառվել ծրագրում, քանի որ ՀՀ-ում օրենքներն ընդունվում են Ազգային ժողովի կողմից, և կառավարությունը չի կարող երաշխավորել դրանց ընդունումը: Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել քաղաքացիական հասարակության հետ քննարկել ծրագրում չընդգրկված առաջարկությունների իրականացման հնարավոր մեխանիզմները ԲԿԳ նախաձեռնությունից դուրս:

 

ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության երկրորդ գործողությունների ծրագիր (2014-2016 թվականներ)

Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ Սահմանադրությամբ հռչակվելով որպես ժողովրդավարական երկիր, մշտապես ձգտում է բարեփոխումների ճանապարհով հասնել գործուն ժողովրդավարության: Ժամանակակից աշխարհում հասարակություններն իրենց կառավարություններից պահանջում են լինել բաց, հաշվետու և արդյունավետ՝ ակնկալելով առավել ակտիվ քաղաքացիական մասնակցություն հանրային կառավարման գործընթացներում: Ելնելով այս հրամայականից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է իր ուշադրության կիզակետում պահել պետական կառավարման համակարգի արդյունավետության աստիճանի բարձրացումը: Ակներև է, որ մեր երկիրն այս ճանապարհին չէր կարող անմասն մնալ «Բաց կառավարման գործընկերություն» (այսուհետ՝ ԲԿԳ) գործընթացից: ԵՎ 2011թ. աշնանը Հայաստանի Հանրապետության որոշումը միանալու ԲԿԳ նախաձեռնությանը վկայում է Հայաստանի պատրաստակամության մասին՝ ապահովելու առավել բարձր մակարդակի թափանցիկություն և հաշվետվողականություն հանրային ծառայություններ մատուցելիս: ԲԿԳ գործընթացը կառավարության օրակարգի կարևորագույն մաս է կազմում՝ գտնվելով ՀՀ կառավարության աշխատակազմի անմիջական վերահսկողության ներքո: Նախաձեռնությունը հիանալի հնարավորություն է ընձեռում ունենալ այնպիսի ինստիտուտներ, որոնք կնպաստեն քաղաքացու ակտիվ մասնակցությանը որոշումների կայացման և քաղաքականության մշակման գործընթացներում: Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ կատարել է ԲԿԳ-Հայաստան 2012-2013 թվականների համար նախատեսված իր առաջին գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորությունները: Դրանց հիմնական դրույթներն առավելապես նպատակաուղղված են եղել Հայաստանում հանրային կառավարման համակարգի արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարելավմանը, մասնավորապես՝ հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը, էլեկտրոնային կառավարման զարգացմանը, ներքին աուդիտի համակարգի կատարելագործմանը, պետական գնումների գործընթացի կատարելագործմանը և թափանցիկության ապահովմանը, հանրային ծառայությունների որակի բարելավմանը, տեղեկատվության ազատության զարգացմանը, հարկային վարչարարության թափանցիկության բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և այլն: Այս համատեքստում վստահաբար պետք է փաստել, որ Հայաստանը թե´ իր պարտավորությունների ծավալով և թե´ դրանց իրականացման աստիճանով զբաղեցնում է բավական առաջատար դիրքեր: Այդ գործընթացում բարձր է գնահատվում, հատկապես, հայաստանյան պարտավորությունների կատարման շրջանակներում ներգրավված բոլոր գործընկերների ցուցաբերած աջակցությունը և ներդրած ջանքերը: Վերոնշյալ ծրագրի իրականացման արդյունքներն ամփոփված են ԲԿԳՀայաստան ինքնագնահատման տարեկան զեկույցում, որը հրապարակվել է 2013 թվականի աշնանը: Նշենք, որ Հայաստանը այս 2 տարիների ընթացքում զգալիորեն բարելավել է իր դիրքերը մի շարք ցուցանիշներով: Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2013 թվականի հոկտեմբերի 29-ին հրապարակված «Կարգավորումների ընկալումը ՓՄՁ-ների համար 2014» զեկույցի համաձայն` գործարարությամբ զբաղվելու վարկանիշով Հայաստանը 189 երկրների շարքում զբաղեցնում է 37-րդ տեղը` նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքերը երեք կետով: 2013 թվականի օգոստոսին «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը Հայաստանի վարկանիշը գնահատել է «կայուն» Ba2՝ նախորդ տարվա «բացասականի» փոխարեն:

ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ

ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ քաղաքացիների համար ավելի թափանցիկ և հաշվետվողական դառնալու իր հանձնառությանը՝ արդյունքում կառավարման համակարգն առավելագույնս համապատասխանեցնելով նրանց կարիքներին և ձգտումներին: Պետական ինստիտուտների և արդյունավետ կառավարման համակարգի ամրապնդումը պետության առաջնահերթություններից է, և վերջին տասնամյակում Հայաստանի իշխանություններն իրականացրել են մի շարք միջոցառումներ այդ ուղղությամբ, մասնավորապես. Մասնակցային և առավել թափանցիկ կառավարման ոլորտում  կառավարության որոշումների նախագծերի տեղադրում ինտերնետային կայքում դեռևս քննարկման փուլում.

 կառավարության նիստերի օնլայն հեռարձակում լրագրողների համար.

 ՀՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացված վերահսկողության արդյունքների տեղադրում www.e-gov.am կայքում.

 բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարագրերի հրապարակում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքէջում (www.ethics.am).

 կարգավորող նորմատիվ իրավական ակտերի վերանայում (Կարգավորման «Guillotine» ծրագիր)՝ թեթևացնելով բիզնեսի և քաղաքացիների վրա ընկնող կարգավորումների բեռը՝ առնվազն երկու անգամ կրճատելով գործառնական ծախսերը: Պետական կառավարման համակարգում հաշվետվողականության ապահովմանն ուղղված նոր սկզբունքների և մոտեցումների ներդրման գործում

 ցանկացած միջոցառում կամ միջոցառումների ծրագիր, որը ներկայացվում է որևէ պետական մարմնի կողմից, պետք է պարունակի ծրագրի արդյունքների հստակ ձևակերպում, ընդ որում այդ արդյունքները պետք է լինեն չափելի.

 պետական կառավարման մարմինները պարբերաբար ներկայացնում են կատարողական հաշվետվություններ, որոնց հիման վրա գնահատվում է նրանց և ամեն մի աշխատակցի իրականացրած աշխատանքը:

Մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացման ոլորտում

 ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրում և փորձաքննության անցկացում. այժմ մինչև 2.5 տոննա գյուղատնտեսական մթերք արտահանող անձինք ներկայացնում են ընդամենը 4 փաստաթուղթ ևստանում հավաստագիր 1 աշխատանքային օրվա ընթացքում.

 ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի, տեղական տուրքի, պետական կամ տեղական ինքնակառավաման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարի կամ վարչական տուգանքների, ինչպես նաև հարկերի առցանց վճարման հնարավորություն.

 քաղաքաշինարարական թույլտվական ընթացակարգերի գումարային ժամկետի կրճատում, սահմանված դեպքերում բնակելի տուն կառուցելիս նախագծման առաջադրանքի, նախագծային փաստաթղթերի պատվերի և փորձաքննության պահանջի վերացում.

 2012թ. հունվարի 1-ից անշարժ գույքի կադաստրի վարման համար նախատեսված «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ» էլեկտրոնային համակարգի գործարկում (www.e-cadastre.am).

 ճանապարհային ոստիկանության ոլորտում` բարեփոխումներ տրանսպորտային միջոցների գրանցման, վարորդական վկայականների տրամադրման, տուգանքների և վճարումների էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ.

 դեղերի, դեղանյութերի ներմուծման հավաստագրերի տրամադրման գործընթացը դյուրացնելու, քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակը և օպերատիվությունն ապահովելու նպատակով ներդրվել է դեղերի ներմուծման և արտահանման հավաստագրերի տրամադրման մեկ պատուհանի սկզբունքով գործող համակարգը.

 հարկային վարչարարության ոլորտում իրականացրած հիմնական բարեփոխումների արդյունքում՝ էլեկտրոնային ծառայությունների ընդլայնում, հարկ վճարողների սպասարկման բարելավում: Հատկանշական է, որ ԲԿԳ անկախ հաշվետվական մեխանիզմի (այսուհետ՝ ԱՀՄ) կողմից, հատկապես, բարձր են գնահատվել ծրագրային բյուջետավորման ներդրմանը, գնումների ընթացակարգերի բարելավմանը, գույքի և եկամուտների հայտարարագրման թափանցիկության ապահովմանը, պաշտոնական ինտերնետային կայքերի բովանդակության ստանդարտացմանը, տեղեկատվության ազատության վերաբերյալ պետական ծառայողների գիտելիքների և հմտությունների բարելավմանը, հարկային վարչարարության գործընթացներում թափանցիկության և օբյեկտիվության խթանմանը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը:

  Հիմք ընդունելով այդ քայլերը զարգացնելուն ուղղված ԱՀՄ-ի հորդորը և հաշվի առնելով առաջին ծրագրի մշակման և իրականացման արդյունքում ձեռք բերված աննախադեպ փորձը՝ ՀՀ կառավարությունը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ, մշակել է ԲԿԳ-Հայաստան երկրորդ գործողությունների ծրագիրը:

   Հարկ է նշել, որ ծրագրի վերջնական ամփոփումը և ՀՀ կառավարության կողմից դրա հաստատումը համընկան ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման հետ: Ուստի, վերոնշյալ հանգամանքով է պայմանավորված ծրագրի՝ սահմանված ժամանակացույցից փոքր-ինչ շեղումով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատելու և ներկայացնելու փաստը:

ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Շարունակելով պետական կառավարման համակարգի արդյունավետությանն ուղղված իր ջանքերը՝ 2013 թվականի վերջից ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ԲԿԳ-Հայաստան երկրորդ գործողությունների ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նախագծի մշակման գործընթացը: Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ԲԿԳ նախաձեռնության հիմնարար սկզբունքները, ինչպես նաև ԲԿԳ-Հայաստան առաջին գործողությունների ծրագրից քաղված դասերը: Նախագիծը կազմվել է ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկությունների հիման վրա՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, առողջապահությունը, կրթությունը, տեղական ինքնակառավարումը, տեղեկատվության ազատությունը և այլն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային ծառայությունների բարելավումը, հանրային միջոցների արդյունավետ կառավարումը և հանրային վստահության խթանումը ԲԿԳ հիմնական մարտահրավերներից են, ՀՀ կառավարությունը իր ԲԿԳ երկրորդ գործողությունների ծրագիրը մշակելիս առաջնորդվել է վերոնշյալ մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համապատասխան պարտավորությունների ներգրավման սկզբունքով: Ծրագրում ներառված յուրաքանչյուր պարտավորություն թիրախային է և ընտրված է համակողմանի քննարկումների արդյունքում: Ծրագրի նախնական տարբերակը մշակվել է պետական մարմինների ներկայացրած առաջարկությունների հիման վրա: Այնուհետև հանրային իրազեկման և քաղաքացիական հասարակության առաջարկությունները ստանալու նպատակով նախագիծը տեղադրվել է www.ogp.am կաքում: Զուգահեռաբար նախագիծը մի քանի անգամ քննարկվել է համապատասխան աշխատանաքային խմբի նիստերի ժամանակ (մասնավորապես՝ 2013թ. սեպտեմբերի 9, 2013թ. նոյեմբերի 26): Հանրային քննարկումները շարունակելու նպատակով ՀՀ կառավարությունը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ 2014թ. ապրիլի 5-6-ը Աղվերանում կազմակերպել է «ԲԿԳ-Հայաստան. թափանցիկություն և հաշվետվողականություն. համագործակցություն կառավարության և քաղաքացիական հասարակության միջև» աշխատանքային քննարկումը: Միջոցառման ընթացքում քննարկվել է ինչպես ծրագրի նախագիծը, այնպես էլ վերջինիս առնչությամբ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացրած նոր առաջարկությունները: Միաժամանակ, ծրագրում նոր առաջարկություններ ընդգրկելու և հանրային իրազեկում ապահովելու նպատակով Գյումրու ժուրնալիստների «Ասպարեզ» ակումբի գլխավորությամբ կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, որոնց արդյունքում մի շարք հասարակական կազմակերպությունների տրամադրած առաջարկություններ ևս ներկայացվել են ՀՀ կառավարություն: Վերոնշյալ առաջարկությունները քննարկելու և լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով 2014թ. հունիսի 5-ին ՀՀ կառավարության աշխատակազմում կազմակերպվել է քաղաքացիական հասարակության և պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային հանդիպում: Ծրագրի նախագծի վերջնական տարբերակը քննարկվել և հավանության է արժանացել 2014թ. հուլիսի 15-ին կայացած ՀՀ վարչապետի 2014թ. հուլիսի 15-ի N 656 - Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստի ժամանակ: Նախագծի վերաբերյալ վերջնական հանրային քննարկումը տեղի է ունեցել 2014թ. հուլիսի 18- ին Երևանում ՀՀ կառավարության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ, ինչպես նաև ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ կազմակերպված միջոցառման շրջանակներում: Աշխատաժողովին վերոնշյալ աշխատանքային խմբի անդամներից բացի մասնակցել են նաև մի շարք այլ քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագրում չեն ներառվել այն առաջարկությունները, որոնք չեն համապատասխանել ԲԿԳ արժեքներին և ձևաչափին: Նոր օրենքների նախագծերի մշակման և ընդունման, ինչպես նաև գործող օրենքներում փոփոխություններ կատարելու պահանջ ենթադրող առաջարկությունները նույնպես չեն ներառվել ծրագրում, քանի որ ՀՀ-ում օրենքներն ընդունվում են Ազգային ժողովի կողմից, և կառավարությունը չի կարող երաշխավորել դրանց ընդունումը: Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել քաղաքացիական հասարակության հետ քննարկել ծրագրում չընդգրկված առաջարկությունների իրականացման հնարավոր մեխանիզմները ԲԿԳ նախաձեռնությունից դուրս: