Գործողությունների Ծրագրեր

«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2018-2020 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

(15.11.2018 - 31.08.2020)
«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2018-2020 ԹԹ.  ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԾՐԱԳԻՐ

Ակնարկ

  ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

  Բաց կառավարման գործընկերությունը (այսուհետ՝ ԲԿԳ) բազմակողմ համագործակցություն ենթադրող նախաձեռնություն է, որն ունի հստակ ձևավորված օրակարգ և հանձնառություններ: Նախաձեռնությունը կոչված է համախմբելու կառավարությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին միասին աշխատելու և ձևավորելու կառավարության ներառական զարգացման օրակարգը, կառավարման համակարգը թափանցիկ, հաշվետու, նորարար և մասնակցային դարձնելու ուղղությամբ:

  Բոլոր կառավարություններն ունեն մարտահրավերներ, որոնց լուծումների համար գոյություն ունեցող մեթոդները բավարար չեն և, ուրեմն, անհրաժեշտ է ներգրավել և կիրառել այլընտրանքային և արդյունավետ մեթոդներ և մոդելներ:

 «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունը ոչ միայն ստեղծում է կարևոր երկխոսություն շահագրգիռ կողմերի միջև, այլ նաև ապահովում տարածաշրջանային հարցերի վերհանման և քննարկման գործընթաց՝ նախաձեռնության անդամ երկրների հետ:

  Հայաստանի Հանրապետությունը միացել է ԲԿԳ նախաձեռնությանը 2011 թվականի հոկտեմբերի 17-ից և մինչ օրս իրականացրել է երեք գործողությունների ծրագիր: Հանձնառությունները, որոնք ներառվել են ԲԿԳ գործողությունների ծրագրերում, ընդգրկել են սոցիալական, իրավական, ֆինանսական, համայնքային, հանքարդյունաբերության և այլ ոլորտներ: Անկասկած, Հայաստանում այս գործընթացը կայացել է իր ամբողջ նշանակությամբ և դարձել առողջ ժողովրդավարության խթանիչ գործիք:

  ԲԿԳ նախաձեռնությանն անդամակցելուց ի վեր վստահորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում բարելավվել են հանրային կառավարման համակարգի արդյունավետությունը, տեղեկատվության հասանելիությունը, բարձրացել հաշվետվողականության պատասխանատվությունը, և ձևավորվել է որոշումների կայացման գործընթացում ավելի պատասխանատու հասարակություն:

  Կարևորելով ԲԿԳ համընդհանուր առաջընթացը՝ 2016 թվականին ԲԿԳ մասնակից երկրները, ինչպես նաև Հայաստանը, միացան Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացմանն ուղղված հռչակագրին:

  2017 թվականից Հայաստանը մեկնարկեց Կայուն զարգացման նպատակներին ուղղված գործընթացը և 2018 թվականի հուլիսի 17-ին ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումին ՀՀ առաջին փոխվարչապետը ներկայացրեց Հայաստանի ԿԶՆ առաջին կամավոր զեկույցը: Միանշանակ է, որ ԲԿԳ նախաձեռնությունը կայացած և աջակից մեխանիզմ է լավագույնս իրականացնելու ԿԶ 17 նպատակները: Այս երկու գործընթացներն էլ ավելի են ամրապնդում և համախմբում միջազգային հանրությանը՝ լուծելու 21-րդ դարի մարտահրավերներն էկոլոգիական, տնտեսական, սոցիալական և իրավահավասար ուղղություններում:

  2018 թվականի ապրիլին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» շրջադար-ձային էր հայ ժողովրդի համար: Հայաստանում հաղթել է ժողովրդավարությունը, և այդ հաղթանակն անդառնալի է: Հայաստանի հասարակությունն ապացուցեց, որ կրողն է ժողովրդավարության և արդարության գաղափարական հենասյունային արժեքների: Այսօր մեր կառավարության առաջնային խնդիրներից են կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության հաստատումը, կառավարման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ժողովրդավարական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ամրապնդումը, տնտեսական և քաղաքական դերակատարների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծումը:

  2018 թվականի հունիսին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ կառավարության ծրագիրը հաստատում է Հայաստանի զարգացման խոչընդոտները հաղթահարելու քաղաքական կամքը՝ կոռուպցիայի դեմ պայքարի, իրավունքի գերակայության և արդար մրցակցության բարձր հանձնառության միջոցով: Ծրագիրը նպատակաուղղված է նաև տնտեսական աճի զարգացմանը, արտահանման խթանմանը, մարդկային կապիտալի զարգացմանը և աղքատության հաղթահարմանը՝ տնտեսական և սոցիալական ոլորտների հավասարակշռված գործունեության, հանրային և շրջակա միջավայրի կառավարման կայուն բարելավումների միջոցով:

  Հայաստանի կառավարությունը մեծ պատրաստակամությամբ պարտավորվում է կյանքի կոչելու ԲԿԳ սկզբունքները՝ էլ ավելի ամրապնդելու քաղաքացի-պետություն փոխգործակցության մշակույթը՝  ապահովելով քաղաքացու ակտիվ մասնակցությունը կառավարման համակարգի, որոշումների կայացման և քաղաքականության մշակման գործընթացներում:

  ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ

  ՀՀ կառավությունն արդեն իսկ իրականացրել է երեք գործողությունների ծրագիր, որոնք էականորեն բարելավել են պետության և քաղաքացիների համար կարևոր ամենախոցելի և փակ ոլորտները՝ բարելավելով հանրային ծառայությունների մատուցումը, հանրային միջոցների արդյունավետ կառավարումը, հանրային վստահության խթանումը, ինչպես նաև ապահով համայնքների ստեղծումը: Անվիճելի է առաջընթացն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, առողջապահությունը, կրթությունը, տեղական ինքնակառավարումը, տեղեկատվության ազատությունը, պետական գնումների բարեփոխումները, իրավաստեղծ գործունեությունը, տեղեկատվության մատչելիությունը, սոցիալական հասանելիությունը, պետական բյուջեն և այլն: ԲԿԳ գործողությունների երկրորդ և երրորդ ծրագրով ստանձնած և սահմանված վերջնաժամկետներում ավարտին չհասցրած հանձնառությունները շարունակվել են և հիմնականում ավարտին հասցվել՝ անգամ ծրագրերի ավարտից հետո: Նախաձեռնության առաջընթացը գնահատվել և արժևորվել է և տեղական, և միջազգային գործընկերների կողմից՝

   2015 թվականի սեպտեմբերին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ կառավարության աշխատակազմն արժանացավ «Ոսկե բանալի» մրցանակին՝ Բաց կառավարման գործընկերություն միջազգային նախաձեռնության շրջանակում հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառությունները լավագույն իրականացման համար:

  2015 թվականի հոկտեմբերին Մեքսիկայի Միացյալ Նահանգների Մեխիկո քաղաքում ԲԿԳ նախաձեռնության գլոբալ համաժողովի շրջանակներում Հայաստանն արժանացավ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բարձր առաջին տեղի մրցանակին՝ ստանալով «Տարածաշրջանային չեմպիոն» կոչումը: Հայաստանը մրցանակաբաշխությանը ներկայացրել է Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծում և ներդրում ՀՀ համայնքապետարաններում նախաձեռնությունը: Մրցույթում այն ներկայացվել է «Խելացի համայնք» (Smart Municipality) անվանմամբ: Ծրագրի նպատակն է Հայաստանի ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության բարձրացումը և բաց կառավարման միջոցով համայնքների բնակիչներին ՏԻՄ-երի կողմից մատուցվող հանրային ծառայությունների բարելավումը:

  ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

  2018 թվականի փետրվարի 19-ին ՀՀ կառավարության աշխատակազմում տեղի ունեցավ Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության-Հայաստանյան աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը: Օրակարագային հարցերից էր ԲԿԳ-Հայաստան գործողությունների չորրորդ ծրագրի մեկնարկը և նոր գործողությունների ծրագրի մշակման ժամանակացույցը: ՀՀ կառավարությունը հրապարակել էր այն հիմնական չափորոշիչները, ուղեցույցը և ձևաչափը, որոնցով պետք էր առաջնորդվել գործողությունների ծրագրի հանձնառությունները մշակելիս:

  Բոլոր շահագրգիռ մարմինները, հասարակական կազմակերպությունները և քաղաքացիները կարող էին ԲԿԳ սկզբունքներից բխող հստակ առաջարկությունները ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ՝ ogp@gov.am էլ. փոստի միջոցով:

  2018 թվականի մարտին կառավարությունը մեկնարկեց գործողությունների ծրագրի իրազեկման արշավը: ԲԿԳ հայաստանյան թիմն այցելեց Գյումրի, Արմավիր, Վանաձոր, Լեռնապատ համայնք և Իջևան: ԲԿԳ հայաստանյան թիմը հանդիպեց մարզային հասարակական կազմակերպությունների, ուսումնական և լրատվական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ներկայացրեց Բաց կառավարման գործընկերության առաքելությունն ու տարիների ձեռքբերումները:

  ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվեց ԲԿԳ նոր գործողությունների ծրագրի մեկնարկի իրազեկման և առաջարկների հավաքագրման գործընթաց՝ պետական կառավարման մարմիններից: Արդյունքում հավաքագրվեց 42 առաջարկ:

 2018 թվականի մայիսի 7-11-ը ԲԿԳ անդամ 75 երկիր նշում էր Բաց կառավարման շաբաթը, որի շրջանակներում իրականացվում էին բաց կառավարման, թափանցիկությանը, հաշվետվողականությանը, մասնակցային կառավարման խնդիրներին վերաբերող միջոցառումներ: Մայիսի 10-ին Բաց կառավարման շաբաթ միջազգային նախաձեռնության շրջանակներում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) հետ համատեղ կազմակերպվեց հանդիպում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր ապագա լրագրողներին ներկայացնել Բաց կառավարման գործընկերություն միջազգային նախաձեռնությանը Հայաստանի անդամակցության 7 տարիների փորձը, ձեռքբերումները և տեղեկացնել նոր գործողությունների ծրագրի մեկնարկի մասին: Իսկ հունիսի 22-ին կայացավ ԻԱԿ կողմից կազմակերպված աշխատանքային խմբի քննարկում, որի նպատակն էր համախմբել քաղհասարակության ուժերը ԲԿԳ հայաստանյան գործողությունների նոր՝ 4-րդ ծրագրի մշակման փուլում, ինչպես նաև քննարկել քաղհասարակություն-կառավարություն փոխգործակցության նոր ձևաչափերը:

  Հունիսի 30-ին կայացավ ԲԿԳ աշխատանքային խմբի նիստը, որի ընթացքում ՀՀ առաջին փոխվարչապետը (ԲԿԳ հայաստանյան համակարգող) և քաղհասարակության անդամները քննարկեցին և վերահաստատեցին ԲԿԳ-Հայաստան գործողությունների ընթացքը:

 2018 թվականի հուլիսի 9-ին ԲԿԳ աշխատանքային խումբը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստան այցելած ԲԿԳ նախաձեռնության տնօրենի տեղակալ Ջոզեֆ Փաուելի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համակարգող Շրեյա Բասուի հետ և քննարկեցին ավելի արդյունավետ համագործակցության հասնելու մեխանիզմները՝ նոր ծրագրի կազմմանն ընդառաջ:

  ՀՀ կառավարությունը, քաղաքացիական հասարակության գործընկերների աջակցությամբ, հայտարարում է գաղափարների մրցույթ՝ Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գործողությունների չորրորդ ծրագիրը համալրելու նպատակով: «Crowdsourcing» գործիքի միջոցով բոլոր քաղաքացիները կարող էին ներկայացնել առաջարկություն՝ անկախ մասնագիտական և տարիքային սահմանափակումների: Պետական ծառայողների շրջանակներում գործընթացի տարածման և ավելի խորքային առաջարկների հավաքագրման համար ՀՀ վարչապետի աշխատակազմի նախաձեռնությամբ գործիքը նաև շրջանառվել և տարածվել է բոլոր պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների հանրային ծառայողների միջև:

  Միաժամանակ կայացել են մարզային հանդիպումներ՝ կազմակերպված ՀՀ վարչապետի աշխատակազմի, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ների աջակցությամբ:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ՝

Տավուշ, Լոռի, Արագածոտն և Աշտարակ - հանդիպումներ տեղային ՀԿ ներկայացուցիչների, մանկավարժների և ակտիվ քաղաքացիների հետ՝ ԲԿԳ գործընթացի ներկայացում:

2018 թ. սեպտեմբերի 17-18-ը Աղվերանում կայացավ արտագնա աշխատանքային նիստ՝ ԲԿԳ խմբի անդամների և միջազգային փորձագետների մասնակցությամբ:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ՝

  Հանդիպումներ ՀՀ 10 մարզերում, ինչպես տեղային ՀԿ-ների և մտավորականների, այնպես էլ՝ 12 հանդիպում պետական հաստատությունների հանրային ծառայողների հետ: Հանրային լսումներ (Town hall) ՀՀ 4 մարզերում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Կոտայք և մայրաքաղաք Երևան, որոնց մասնակիցների ընդհանուր թիվը 170-ն է: 4 ոլորտային քննարկված առաջարկ, որոնց արդյունքում հետադարձ կապի միջոցով ստացված խորհուրդ-առաջարկները բարելավեցին հանձնառությունների նպատակները:

  Պետական կառավարման մարմինների (42) և «Crowdsourcing» գործիքի միջոցով ստացված առաջարկները (47) ամփոփելու համար կայացան հանդիպումներ, որոնց արդյունքում առաջարկները դասակարգվեցին ԲԿԳ արժեքներին՝

1. չհամապատասխանող

2. քիչ հավակնոտ

3. բարելավող

4. հավակնոտ

 2018 թվականի հոկտեմբերի 17-ի աշխատանքային խմբի նիստում քննարկվեցին և հաստատվեցին ԲԿԳ-Հայաստան գործողությունների չորրորդ ծրագրի նախագծի հանձնառությունները: Գործողությունների ծրագրի 11 հանձնառություններից 6-ը հանդիսանում են քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունները:

Հանձնառություններ

Վերնագիր
ՄԱԿ-ի նպատակ
Տարի
11. Հանրային ծառայությունների հետադարձ կապի ապահովում «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2018-2020 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (2019-2020) 10. Հանրագրեր ներկայացնելու էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծում «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2018-2020 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (2018-2020) 9. Բաց առողջապահություն. Պետական պատվերի շրջանակում բուժման և ախտորոշման նպատակով առցանց հերթագրում «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2018-2020 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (2019-2020) 8. Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգ «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2018-2020 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (2018-2020) 7. Open & Social. ինտեգրված սոցիալական ծառայությունների մատչելիություն և իրազեկվածության բարձրացում «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2018-2020 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (2018-2020) 6. Հողային կադաստրի հանրային հասանելիության արդիականացում «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2018-2020 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (2019-2022) 5. Ջրային ռեսուրսների միասնական տեղեկատվական համակարգի հասանելիություն «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2018-2020 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (2018-2020) 4. Համայնքային կայքերի արդիականացում. տեղական մակարդակում հրապարակայնության, թափանցիկության և մասնակցայնության ամրապնդում «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2018-2020 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (2018-2020) 3. Իրական սեփականատերերի բաց, հանրային գրանցամատյանի ներդրում «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2018-2020 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (2018-2020) 2. ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների հատկացման թափանցիկության և հաշ-վետվողականության ապահովում «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2018-2020 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (2018-2020) 1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2018-2020 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (2018-2021)