Գործողությունների Ծրագրեր
«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
Ակնարկ
-
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնությանը 2011 թվականին և անդամակցությունից ի վեր իրականացրել է չորս ազգային գործողությունների ծրագրեր:
Գործողությունների ծրագրերը միտված էին բարելավելու կառավարության կողմից ստանձնված բարեփոխումների օրակարգը` դարձնելով դրանք ավելի թափանցիկ, հաշվետու, մասնակցային և նորարար։
ԲԿԳ-Հայաստան 2018-2020 թթ. գործողությունների չորրորդ ծրագիրը գնահատվել է որպես առավել բարեփոխիչ ԲԿԳ Անկախ հաշվետվական մեխանիզմի (ԱՄՀ) զեկույցում։ Չորրորդ ծրագիրը աչքի էր ընկնում հանձնառությունների լավ կատարմամբ՝ չնայած համավարակի և պատերազմի մարտահրավերներին։ Չորրորդ ծրագիրը բավականին հավակնոտ էր, քանի որ ներառում էր օրենսդրական փոփոխություններ, և 11 հանձնառություններից առնվազն 6-ը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) առաջարկներն էր: Ներդրվեցին մի շարք գործընթացներ, ինչպիսիք են` իրական շահառուների և հանրագրերի ինստիտուտը, նվազեցվեցին կոռուպցիոն ռիսկերը կրթության և առողջապահության ոլորտներում, բարելավվեց հանրային միջոցների թափանցիկությունը՝ պետական բյուջեի դրամաշնորհների մրցութային կարգի սահմանմամբ, հստակեցվեց և ընդլայնվեց հանրային պաշտոնյաների հայտարարագրերի շրջանակը, բարելավվեցին համայնքների կայքերի տեղեկատվության տրամադրման միասնականությունը և ծառայությունների մատուցման հնարավորությունը, ներդրվեց պետական ծառայությունների հետադարձ կապի ապահովման մեխանիզմը և այլն։ ԲԿԳ հանձնառությունները դարձան հասցեական և ժամանակին՝ հատկապես համավարակի և պատերազմի ժամանակ։ Հանձնառությունների իրականացման և ընթացքի վերաբերյալ իրազեկումը պայմանավորված էր համավարակով և պատերազմից հետո առաջացած խնդիրներով: Այնուամենայնիվ, կառավարությունը ՔՀԿ կազմակերպությունների հետ միասին կազմակերպեց և՛ առցանց, և՛ համայնքային հանդիպումներ՝ պահպանելով համավարակի կանոնները:
ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ
Հայաստանը «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության անդամակցումից ի վեր բարելավել է իր գործողությունների ծրագրի մշակման, իրականացման, հանձնառությունների ստանձնման, ավելի հասցեական և հավակնոտ հանձնառությունների ստանձնման գործընթացները: ՀՀ կառավարությունն իրականացրել է 4 ազգային գործողությունների ծրագրեր, որոնք արտահայտվել են հետևյալ կերպ՝
- 2015 թվականին ստացել է ԲԿԳ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Չեմպիոնի կոչում՝ Տեղային մակարդակում «Խելացի համայնք» մասնակցայնության գործիքով
- ԲԿԳ գործընթացի միջոցով Հայաստանն ապահովեց «Արդյունահանող ճյուղերի թափանցիկություն» նախաձեռնության (EITI) պահանջները և դարձավ նախաձեռնության անդամ
- ԲԿԳ շրջանակներում ստեղծվեց E-draft իրավական ակտերի պորտալը: Սա որոշումների կայացման համար ուղիղ մասնակցության գործիք է բոլոր քաղաքացիների համար՝ առանց տարիքային, մասնագիտական և այլ խտրականությունների
- ԲԿԳ շրջանակներում կիրառվեց Crowdsourcing գործիքը: ԲԿԳ գլոբալ գործընթացում այս գործիքը դարձավ լավ օրինակ մյուս մասնակից կառավարությունների և տեղային իշխանությունների համար: Բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց մասնակցությունը և ներդրումն ունենալ ԲԿԳ գործողությունների մշակման փուլում՝ համաձայն ԲԿԳ կողմից սահմանված պահանջների
- Բարելավվեցին տեղային մակարդակում ուղիղ ժողովրդավարության մեխանիզմներ: Ներդրվեցին ավագանու նիստերի հեռարձակում` հետադարձ կապի հնարավորությամբ և համայնքային ծառայությունների հասանելիություն և այլն:
- Պետական բյուջեի միջոցների հաշվին գործուղվող պաշտոնյաների հաշվետվությունների հրապարակում
- ՍտեղծվեցԻնտերակտիվ բյուջե Բաց տվյալների ձևաչափով:
- Հայաստանը դարձավ Իրական սեփականատերեր առաջնորդների թիմի անդամ: Ներդրվեց Իրական շահառուների բացահայտման ինստիտուտ՝ Պետական ռեգիստրի շրջանակներում: 2023 թվականից Հայաստանում գրանցված բոլոր կազմակերպությունները ներկայացնելու են իրենց կազմակերպության իրական շահառուներին: ՀՀ կառավարությունը ստորագրեց համագործակցության հուշագիր «Բաց շահառու» կազմակերպության հետ: Հայաստանն առաջին երկրներից էր, որ կիրառեց «Բաց շահառու» կազմակերպության կողմից մշակված չափորոշիչները
- Հայաստան այցելեց ԲԿԳ գործադիր տնօրեն Սանջեյ Պրադանը և ունեցավ հանդիպումներ ՀՀ վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, ԲԿԳ աշխատանքները համակարգող խմբի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների և ՔՀԿ ներկայացուցիչների հետ: Անդրադարձ եղավ Հանրային հեռուստատեսության կողմից այցի վերաբերյալ:
- Հայաստանում ներդրվեց Հանրագրերի համակարգի ինստիտուտը
- Ներդրվեց քաղաքացիների հետադարձ կապի ապահովում պետական ծառայությունների վերաբերյալ՝ https://gnahatir.am/am/
- ՀՀ կառավարությունը ԲԿԳ-Հայաստան 2018-2020 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացրեց՝
- 24 և ավելի դեմ առ դեմ և Town hall հանդիպումներ ՀՀ բոլոր մարզերում: Հանդիպումները կայացել են քաղաքացիական հասարակության (ՔՀ) գործընկերների աջակցությամբ
- 10 և ավելի թեմատիկ հանրային քննարկումներ և հանդիպումներ ՔՀ կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
- Հանձնառությունների վերաբերյալ իրազեկում հանրային հեռուստատեսությամբ՝1, 2, 3, 4, 5
- Թեմատիկ հեռուստահաղորդումների ստեղծում ՔՀԿ գործընկերների հետ համատեղ՝ «Բաց կառավարում» հաղորդաշարներ Իրական շահառուների գործընթացի վերաբերյալ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ
- 11 հանձնառություն՝ 6-ը քաղհասարակության առաջարկությամբ
- 5 օրենսդրական նախաձեռնություն և փոփոխություն
- ՀՀ կառավարության բարձր մակարդակի մասնակցությունը ԲԿԳ գագաթնաժողովին Կանադայում
- Համագործակցություն «Միջազգային բյուջեի նախաձեռնության» (International Budget Initiative) հետ՝ համագործակցության արդյունքում առաջին անգամ մշակվեց Հայաստանի «Բաց բյուջե» հետազոտությունը
- Կոռուպցիայի ընկալման համաթվի բարելավում
- 2020 թվականինԳյումրի-Վանաձոր համայնքները միացան Տեղային-ԲԿԳ-ին, 2022 թվականին էլ՝ Երևան քաղաքը և Արմավիր համայնքը դարձան ԲԿԳ նոր անդամներ
- Մեկնարկեց սերտ համագործակցություն Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ՝ տեղական ժողովրդավարության և բաց կառավարման գործընթացի սկզբունքների իրականացման հարցում
- ԲԿԳ-Հայաստան նախաձեռնությունը միացավ գործընկեր՝ «Հանուն ժողովրդավարության» համաժողովին՝ նպաստելու ՀՀ կողմից ստանձնված հանձնառությունների լավագույնս և ներառական իրականացմանը
- Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնում (USAID, UNDP, UN, ADB, GIZ, WB, EU, EC, UK Embassy)
- Մշակվեց ԲԿԳ-Հայաստան պաշտոնական կայքը՝ https://ogp.gov.am/hy/
- 2022 թվականի մայիսի 18-ին «Բաց շաբաթի ընթացքում» կայացավ «Բաց կառավարման կանայք» միջոցառումը:
ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Չնայած մարտահրավերներին` ընդլայնվեց համագործակցության շրջանակը միջազգային գործընկերների հետ և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս: ՀՀ կառավարությունը, համաձայն ԲԿԳ կանոնների, պետք է մշակեր հաջորդ գործողությունների ծրագիրը 2020 թվականին, սակայն համավարակը, պատերազմը և արտահերթ խորհրդարանական ընտրությունները դարձան խոչընդոտ ծրագրի մշակման և հաստատման հարցում։
Կառավարությունը մեկնարկեց նոր ծրագրի մշակման փուլը 2021 թ. նոյեմբերին:
ԲԿԳ-Հայաստան 5-րդ գործողությունների ծրագրի մշակման համար ՀՀ կառավարությունը սահմանեց առաջնահերթ ուղղությունները, որոնք բխում են Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի, ԲԿԳ (Վաշինգտոն) քաղաքական ուղղությունների և Հայաստանին ներկայացված առաջարկների, ԲԿԳ անկախ հաշվետվական մեխանիզմի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և Եվրոպայի խորհրդի «Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբ» գործընթացում ՀՀ-ին ներկայացրած առաջարկների և հանձնարարականների, ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի նիստի ժամանակ ՔՀԿ գործընկերների առաջարկների տրամաբանությունից՝
- Տնտեսություն.
- Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
- Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում
- Կայուն զարգացում և կանաչ տնտեսություն
- Բարձր տեխնոլոգիաներ` թվայնացում
- Պետական ծառայություններ.
- Կրթություն
- Առողջապահություն
- Աշխատանքի և սոցիալական պաշտպանություն
- Բնական ռեսուրսների կառավարում (շրջակա միջավայրի պահպանություն, անտառներ, ընդերք և ջրային ոլորտ)
- Պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայություններ
- Պետական գույքի արդյունավետ կառավարում
- Իրավունք և արդարադատություն.
- Դատաիրավական բարեփոխումներ
- Ոստիկանության բարեփոխումներ
- Կոռուպցիայի դեմ պայքար՝ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ
- Պետական ծախսեր՝ պետական գնումներ, բյուջետային գործընթացում մասնակցային մեխանիզմների լրամշակում և ներդրում
- Բաց պայմանագրերի գործընթաց/բարեփոխումներ
- Բաց տվյալների քաղաքականություն
- Պետական կառավարման ինստիտուցիոնալ զարգացում.
- Ռազմավարական պլանավորում և քաղաքականությունների մշակում
- Երիտասարդություն
- Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք
- Տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում՝ ժողովրդավարության ամրապնդում, միգրացիա
- Մասնակցություն օրենսդրական դաշտում
Մեկնարկին զուգահեռ ՀՀ կառավարությունը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպեց հանրային քննարկումներ և հանդիպումներ, որոնք ուղղված էին ավելի թիրախային առաջարկներ և գաղափարներ հավաքագրելուն:
2021 թ. դեկտեմբերի 3-ին ՄԱԶԾ գրասենյակի աջակցությամբ կայացավ քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի հիմնական նպատակն էր ԲԿԳ-Հայաստան 2022-2024 թթ. ծրագրի համար նոր գաղափարների գեներացումը՝ միտված նոր գործողությունների մշակմանը` https://cutt.ly/8Klff31 :
Դեկտեմբերի 7-ին և 10-ին ԲԿԳ-Հայաստան քարտուղարությունը «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ իրականացրեց մարզային իրազեկվածության լայն արշավ: Հանդիպումներն իրականացվեցին առցանց ձևաչափով՝ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերից համայնքային և քաղաքացիական ծառայողները, քաղհասարակության ներկայացուցիչները, կրթական հաստատությունների ներկայացուցիչները քննարկեցին ԲԿԳ ազգային ծրագրերի միջոցով իրականացված բարեփոխումները, և քաղաքացիները բարձրաձայնեցին խնդիրներ և ոլորտներ, որոնք բարեփոխումների կարիք ունեն։
Հանդիպման ընթացքում մասնակիցները տեղեկացան ԲԿԳ գործընթացի համար կառավարության առաջնահերթությունների մասին ծրագրի պատասխանատուներից, առցանց ձևավորեցին առաջարկներ և ներկայացրեցին ԲԿԳ քարտուղարությանը:
Առաջարկների դասակարգման գործընթացի քննարկմանը ՔՀ կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջարկեցին կառավարությանը ընտրել ԲԿԳ սկզբունքներին և կառավարության առաջնահերթություններին առավել համապատասխան, ինչպես նաև այլ միջազգային գործընթացներում ՀՀ պարտավորությունների կատարմանը նպաստող առաջարկներ: Արդյունքում՝ ստացվեց 64 առաջարկ, որոնց մի մասը համապատասխանում էր սահմանված առաջնահերթություններին և ԲԿԳ սկզբունքներին, որոշները կամ չէին համապատասխանում ԲԿԳ սկզբունքներին կամ մասնակի էին համապատասխանում կամ ենթակա էին միավորման այլ առաջարկների հետ: Առաջարկներից հանրային քննարկման համար դիտարկվեցին ԲԿԳ սկզբունքներին և պահանջներին համապատասխան առաջարկները և գաղափարները, որոնք մասամբ համապատասխանում էին պահանջներին և կարիք ունեին լրացուցիչ քննարկման ոլորտի պատասխանատուների և առաջարկ ներկայացնողների հետ:
2022 թ. մարտին ԲԿԳ քարտուղարության և ՔՀ գործընկերների հետ համատեղ կազմակերպվեցին հանրային քննարկումներ, որոնց մասնակցում էին պետական կառավարման համակարգի, օրենքով ստեղծված մարմինների, ՔՀ կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝
մարտի 7-ին՝ քննարկվեց աշխատանքային պայմանագրերի թվային համակարգի ներդրում առաջարկը՝ https://cutt.ly/qKlbJAf
մարտի 9-ին ՝ քննարկվեցին գնումների, տեղական և պետական բյուջետային գործընթացների և կրթական համակարգում ոչ ֆինանսական ցուցանիշների առաջարկները՝ https://cutt.ly/eKlmpPy
մարտի 10-ին՝ քննարկվեցին էլեկտրոնային արդարադատության, բարեվարքության համակարգի կայացման, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց նվերների և ռազմավարական հաղորդակցմանն ուղղված առաջարկները՝ https://cutt.ly/2KlYpfg
մարտի 14-ին՝ քննարկվեցին տվյալների քաղաքականության, ազգային տարածական տվյալների, բաց տեղեկատվական բազաների, հանրային գույքի օտարման և վարձակալության բաց պայմանագրեր, էլեկտրոնային աճուրդի միասնական հարթակի և պետական ռեգիստրի կողմից տրամադրվող տեղեկատվության վերաբերյալ առաջարկները՝ https://cutt.ly/vKlYQQK :
Քննարկումների արդյունքում որոշվեց միասնական մոտեցում ցուցաբերել տվյալների և բազաների հանրային հասանելիության առաջարկներին՝ ընդունելով, որ դրանց մասին նպատակահարմար է խոսել ՀՀ-ում տվյալների միասնական քաղաքականության հայեցակարգի փաստաթղթի մշակումից հետո: Հայեցակարգով կկարգավորվեն քաղաքացի-պետություն հարաբերությունները, կսահմանվեն ՀՀ-ում գոյություն ունեցող տվյալները, կսահմանվեն տվյալների հանրային հասանելիության և պետական տուրքի սկզբունքները, չափորոշիչները և այլն:
Մայիսի 19-ին կայացավ ԲԿԳ-Հայաստան աշխատանքային ընդլայնված նիստ, որին բացի աշխատանքային խմբի հիմնական անդամներից մասնակցում էին ԲԿԳ Աջակից կենտրոնի պատվիրակությունը և միջազգային կազմակերպությունների գործընկերները: Հանդիպմանը ԲԿԳ-Հայաստան քարտուղարությունը ներկայացրեց նոր գործողությունների ծրագրի նախագծում ներառված հանձնառությունները և դրանց ընտրության տրամաբանությունը: Ծրագրում ներառվել են այնպիսի հանձնառություններ, որոնք կլինեն հայեցակարգային և կկարգավորեն այդ ոլորտներում առկա բացերը և թերությունները: Այդպիսի հանձնառություններից են հանրային հաղորդակցման ճարտարապետության, տվյալների քաղաքականության հայեցակարգը, աշխատանքային իրավունքի հարաբերությունները, դատական համակարգի և հանրային ռեսուրսների գործընթացների թափանցիկությունը, կոռուպցիայի դեմ պայքարի կամ կոռուպցիան կանխարգելող գործողություններ:
Հանձնառություններ
Կցված ֆայլեր
- pdf «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
- docx ԲԿԳ-Հայաստան 2022-2024 թթ. գործողությունների նոր ծրագրի համար ստացված առաջարկների ամփոփաթերթ
- docx Հարցաթերթ
- docx Open Government Partnership-Armenia 2022-2024: Amended Eng
- docx Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան 2022-2024 թթ.՝ փոփոխություն